
ՆորություններԿյանք ընկերությունումՀրապարակված: 5 հոկտեմբերի, 2026 թ.
Հյուրեր Շվեյցարիայից՝ Էլոլայում
Վերջերս Էլոլան հյուրընկալեց շվեյցարացի զբոսաշրջիկների 13 հոգանոց խմբին՝ Monique Frey-ի գլխավորությամբ և տուրօպերատոր Aelita Chobanyan-ի ուղեկցությամբ։
Հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու պանրի ստեղծման ամբողջ ճանապարհը՝ շրջելով գործարանում, ծանոթանալով արտադրական գործընթացներին և այցելելով Էլոլայի նկուղները, որոնք նրանց վրա հատկապես մեծ տպավորություն թողեցին։
Ամենահաճելի պահերից մեկը, թերևս, ցուրտ սառնարանային տարածքներից դեպի ջերմ ու հյուրընկալ համտեսի սենյակ անցնելն էր։ Այստեղ հյուրերին սպասում էր ավելի քան տասը տեսակի պանրի համտես, որոնց շարքում իրենց տեղն էին գտել նաև մեր նոր «Գոհար» և «Արփի» պանիրները։
Իսկ վերջում, ինչպես արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել, կազմակերպեցինք փոքրիկ համտես-մրցույթ։ Հյուրերի քվեարկության արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց «Արփի» պանիրը, երկրորդը՝ «Գոհարը», իսկ երրորդը՝ բաստուրմայով պանիրը։
Այսպիսի այցելությունները մեզ համար պարզապես գործարանի շրջայց չեն։ Դրանք հնարավորություն են ներկայացնելու մեր աշխատանքը, մեր պանիրների պատմությունը և այն սերն ու հոգատարությունը, որը դնում ենք յուրաքանչյուր արտադրանքի մեջ։
Օրն ավարտեցինք ժպիտներով, ջերմ զրույցներով և, իհարկե, գեղեցիկ խմբակային լուսանկարով։
Շնորհակալ ենք մեր շվեյցարացի հյուրերին Էլոլայի օրը մեզ հետ կիսելու համար։ Թող այս համտեսից մնա ոչ միայն պանրի համը, այլև Սյունիքի ջերմության ու հյուրընկալության հիշողությունը։